23.11.2024
Հայաստան տրանսֆերտների հոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%
prev Նախորդ նորություն

Վրաստանի հետ սահմանին մաքսազերծման գործընթացը կտևի հաշված րոպեներ – արձանագրություն

Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը քննարկել եւ հավանություն է տվել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ Տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային փոխադրման նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրության վավերացմանը:


Ինչպես այսօր հայտնել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը, արձանագրությամբ հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպման արդյունավետ եւ արագ իրականացման, ինչպես նաեւ առեւտրի անվտանգության ապահովման եւ առեւտրային հարաբերությունների ամրապնդման համար:


Փաստաթղթով նախատեսված է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ էլեկտրոնային տվյալների մշակման և նախնական փոխանակման հնարավորություն:


"Արձանագրությամբ նախատեսվում է արտահանման կամ տարանցման նպատակով արտահանվող բոլոր ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրում՝ ռիսկերի գնահատման համակարգի գործարկման համար։ Եթե կոնկրետ ընկերության կամ ապրանքների կատեգորիայի գծով համակարգը կանաչ միջանցք տա, սահմանը հատելու եւ մաքսազերծման ընթացակարգը կիրականացվի հաշված րոպեների ընթացքում", - հայտարարել է Փաշայանը։