Գերասիմովը Հայաստանն անվանել է Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերը
Ռուսաստանի եւ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետեր Վալերի Գերասիմովը եւ Օնիկ Գասպարյանը հանդիպել են Մերձմոսկվայում եւ քննարկել ռազմական ոլորտում համագործակցությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
"Մեր երկրների միջեւ ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակներում", - նշել Է Գերասիմովը հանդիպմանը:
Նա շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի զորակազմի մասնակցության համար եւ նշել հայ զինծառայողների պատրաստվածության բարձր մակարդակը:
Գերասիմովը Հայաստանը անվանել է Անդրկովկասում Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերը։
"Բարի ավանդույթ է դարձել հայ ընկերների մասնակցությունը Բանակային միջազգային խաղերի մրցույթներին։ Եվ այս տարի Հայաստանի թիմերը շատ արժանի ելույթ ունեցան", - հավելել է ռուսական ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։
Օնիկ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Գերասիմովին Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքների վերացման գործում ռուս զինծառայողների օգնության համար:
"Փաստորեն շուրջ հինգ ամիս Հայաստան ժամանած ռուսական զինված ուժերի մասնագետների խումբը հսկայական աշխատանք է կատարել կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, ինչի համար մենք ձեզ շատ երախտապարտ ենք", - ասել է Գասպարյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը անդրկովկասյան հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, եւ նրա հետ հարաբերությունների զարգացմանը Հայաստանում հատուկ նշանակություն են տալիս։