23.11.2024
Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը զսպող գործոն են տարածաշրջանում. Տոնոյան

Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետեւանք է: Այս մասին Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Նրա խոսքով, մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարող են բնորոշվել որպես աշխարհաքաղաքական շահերի հակասություն, որում առանցքային գործոնը անվտանգության հարցում ընդհանուր պատկերացումների եւ ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է:


«Տարածաշրջանային հակամարտությունները ռազմական լուծում չունեն, եւ Հայաստանի համար ընդունելի չեն ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ հակամարտությունում այլ պետությունների ներգրավվելու փորձերը դրան հետեւող իրավիճակի ապակայունացմամբ: Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարեւորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը»,- շեշտել է նա:


Դավիթ Տոնոյանի խոսքով, մեր աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ցանկացած անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակներից դուրս։ Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև պանդեմիային, որը, ինչպես ցույց տվեց երկրների մեծամասնության փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի:


«Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլեւ ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքն ու Արեւելյան Միջերկրականը: Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է բոլոր այս տարածաշրջաններում խաղաղության եւ կայունության պահպանմամբ»,- հավելել է Տոնոյանը: