24.11.2024
Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը
prev Նախորդ նորություն

Դպրոցները կապահովվեն կորոնավիրուսից պաշտպանիչ միջոցներով. կառավարության որոշումը

Կառավարությունը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնման անհրաժեշտ գումար կհատկացնի։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին), և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը, հայտնում է Արմենպրեսը:


Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և’ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և անձնակազմի 100 %-ին, ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել ախտահանիչներով: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը (2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ) և քլորի 1 կգ-ի համար 3500 ՀՀ դրամ գինը:


Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ միջոցները հատկացվելու են պահուստային ֆոնդից։


Արձագանքելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս տարվա պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է:


«Օրակարգի 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել՝ ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված»,- ասաց նախարարը:


«Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,-ասաց Ջանջուղազյանը և նշեց, որ խոսքը ֆինանսական հատկացման մասին է և առաջարկեց մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել:


Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնման մասին է և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել: