Տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր ելույթում նշել է, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, ով անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում»։