Արցախում մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարան և ծանոթացել աշխատանքի պայմաններին:
Պետական աջակցությամբ ստեղծված ընկերության նպատակն է Արցախում զարգացնել մեղվապահությունը, արտադրել էկոլոգիապես մաքուր և որակական բարձր չափանիշներին համապատասխան մեղր, գտնել իրացման շուկաներ նաև արտասահմանում և մեղվապահության ծրագրում ընդգրկել հիմնականում թոշակառու սպաներին:
Ընկերության պատասխանատուները նախագահին ներկայացրել են արդեն արձանագրված հաջողությունները, մասնավորապես՝ արտադրանքի համար ստացած միջազգային որակի սերտիֆիկատը, առկա պահանջարկը և առաջին 25 մեղվապահների հետ հաջողված համագործակցությունը:
Երկրի ղեկավարը կարևորել է ընկերության աշխատանքը, նկատելով, որ մեղվապահությունը մեծ հեռանկարներ ունի Արցախում, և կառավարությունը առաջիկայում ճյուղի զարգացման համար նոր ծրագրեր է իրականացնելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ծրագրում ընդգրկվելու են ինչպես թոշակառու սպաները, այնպես էլ բոլոր ցանկացողները:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: