«Տրավիատա»՝ ի աջակցություն Բեյրութի. Ազգային ժողովի այգում մշակութային տոն է սպասվում
Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա խոշոր մշակութային իրադարձություն:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում կկայանա Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարումը: Այս միջոցառմամբ Հայաստանն իր մշակութային զորակցությունը կհայտնի վերջերս պայթյունից տուժած Բեյրութին, որը հայտնի է նաև ‹‹Արևելքի Փարիզ›› անվամբ: Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկանգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:
Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներին կմարմնավորեն միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):
Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյանը (Գաստոն), Աշոտ Ղանթարջյանը (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյանը (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյանը (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյանը (Անինա):
Օպերայի «Փարիզյան հասարակությունը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
«Տեղերը խիստ սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց»,- հայտնեցին միջոցառման կազմակերպիչները: