Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացատել է, թե ինչ նապատակ ունի աշխարհազորի ստեղծումը, որը նախատեսված է «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ի առաջարկած փոփոխություններով:
«Աշխարհազորի ստեղծումը պայմանավորված չէ լայնամասշտաբ պատերազմի վտանգով: Դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին», - ասել է նախարարը օգոստոսի 28-ին լրատվամիջոցների հետ զրույցում:
Նա նկատել է, որ բանակի ռեսրուսները կարող են բավարար չլինել լայնամասշտաբ պատերազմի պարագայում և կարող է ծագել աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել: «Մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլիներ», - ասել է նա՝ հավելելով, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն և կանխատեսելի է:
Այնուհետև նախարարը կարճ արձագանքել է լրագրողների դիտարկմանը, արդյոք աշխարհազորի ստեղծումն «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է կատարվում: «Ազգ բանակ հայեցակարգը չեմ կարդացել», - ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Նշվում է, որ օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:
«Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ:
Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները», - ասված է նախագծում: