23.11.2024
Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ
prev Նախորդ նորություն

Արցախում նախաձեռնել են քննարկում համավարակի պայմաններում կրթության իրավունքի վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և ԱԺ նախագահը նախաձեռնել են քննարկում համավարակի պայմաններում կրթության իրավունքի վերաբերյալ:


Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ օգոստոսի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրները և լուծումները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, կրթության ու առողջապահության ոլորտների պատասխանատուներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:


Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ շեշտադրելով քննարկվող հիմնախնդրի կարևորությունը բազմաթիվ քաղաքացիների իրավունքների իրացման համար: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կարևորելով հանրային քննարկումների դերը տարբեր հիմնախնդիրների լուծման գործում, նշել է, որ իրենց կողմից քննարկումների կազմակերպումը պարբերական բնույթ է կրելու՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր օրախնդիր թեմաների շուրջ:


«Այսօրվա քննարկվող թեմայի համար առանցքային նշանակություն ունեն կրթության իրավունքն ու երեխայի լավագույն շահերի սկզբունքը, և պետք է հասկանալ, թե որտեղ է դրանց միջև հավասարակշռությունը: Հարկ է հիմնախնդիրը դիտարկել երկու տեսանկյուններից. առաջինը կրթության իրավունքի հետ ուղիղ կերպով առնչվող այլ իրավունքներն ու դրանցով պայմանավորված վտանգներն ու հետևանքներն են, իսկ երկրորդը՝ առողջության պահպանման իրավունքին վերաբերող վտանգները:


Վերջիններս, ցավոք, մեծապես պայմանավորված են անորոշություններով՝ դժվարեցնելով արդյունավետ որոշումների կայացումն ու իրականացումը: Մենք, որպես որոշում կայացնողներ և հասարակության ակտիվ անդամներ, պետք է փորձենք գտնել և առաջարկել արդյունավետ լուծումներ»,- իր խոսքում ընդգծել է Ա. Բեգլարյանը:


Խոսելով ուսուցման եղանակի մասին՝ Պաշտպանը նշել է, որ կենդանի կրթությունը, բնականաբար, շատ ավելի նախընտրելի է, քան՝ առցանցը. ուստի, պետք է հնարավորինս անել անվտանգ կենդանի կրթություն ապահովելու ուղղությամբ՝ զուգահեռաբար բարելավելով առցանց կրթության համար անհրաժեշտ մասնագիտական ու տեխնիկական պայմանները՝ համավարակի հնարավոր սրացմանն ավելի պատրաստ լինելու նպատակով:


Մարդու իրավունքների պաշտպանը, շեշտադրելով վաղ տարիքի երեխաների ավելի մեծ խոցելիությունն առկա սահմանափակումների պայմաններում, ընդգծել է նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպման և ընդունելության հանդեպ պետության լրացուցիչ ուշադրության և ջանքերի անհրաժեշտությունը:


ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և քննարկման մի շարք այլ մասնակիցներ ևս հանդես են եկել ելույթներով, ծավալվել է շահագրգիռ քննարկում տարբեր հարցերի շուրջ: Լիազոր մարմինների ներկայացուցիչները խոստացել են հաշվի առնել քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու փաստարկները: