Փաշինյանը հիշեցրել է իր հանձնարարականը ու հրավիրել մասնակցել մրցույթի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ կառավարության նիստում հանձնարարական էր տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ:
Դրանցից երկուսի՝ Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն եւ 76 միլիոն դրամ:
«Հունիս եւ հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:
Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ եւ հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլեւ տնտեսական, որովհետեւ կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր»,- գրել է վարչապետը Facebook-ի իր էջում ՝ հրապարակելով քանդակագործական ստեղծագործությունների լուսանկարները: