«Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը մեկնարկեց ֆիլմերի բացօթյա ցուցադրումով
Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում, օգոստոսի 24-ին մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը։
Ծրագրով նախատեսված բացօթյա կինոդիտումները կլինեն ամեն օր՝ ժամը 19:00-23:00, մինչև սեպտեմբերի 1-ը:
Կազմակերպիչների խոսքով՝ չնայած ֆիլմերի դիտումով հետաքրքրվածների քանակը շատ է, բայց համավարակով պայմանավորված տարածքում նախատեսվում է 40 հոգու համար նստարան։
«Հաշվի առնելով, որ պարետի նոր որոշմամբ մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները կարող են անցկացվել բացառապես բացօթյա տարածքներում՝ որոշեցինք այս տարի ևս անցկացնել փառատոնը։ Այս տարի 85 երկրից ներկայացված 3000-ից ավել հայտից ընտրվել է 63 ֆիլմ 23 երկրից։ Միջոցառումներից որոշները անցկացվում են օնլայն հարթակում, իսկ առաջիկա օրերին կլինեն բազմաթիվ ֆիլմերի բացօթյա դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ», - նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Նշենք, որ կինոդիտումներից առաջ ներկաները ջերմաչափվում են, կրում դիմակ և պահպանում սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք, որ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: