Հրապարակվել է ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը, որից պարզ է դառնում, թե ինչ է սպասվում դպրոցի աշակերտներին 2020-2021 ուսումնական տարում:
Ըստ այդմ, առաջին դասարանցիները դպրոց կսկսեն հաճախել սեպտեմբերի 14-ին, իսկ ավելի բարձր դասարանները՝ 15-ին։
Կորոնավիրուսի պատճառով, դպրոցներն ապահովվում են դիմակներով մաշկային հականեխիչ ու ախտահանիչ նյութերով, ինչպես նաև անձեռոցիկներով՝ մեկ շաբաթվա պահուստով։ Ինչպես նաև դպրոցները կունենան ջերմաչափեր։
Դպրոցում գտնվելու ողջ ընթացքում դպրոցի անձնակազմը պետք է կրի դիմակ, դպրոցի մուտքի մոտ կատարվում է անձնակազմի պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։
Դպրոցներում զանգվածային միջոցառումները դադարեցվում են, երկարօրյա ծառայությունները և արտաուսումնական խմբակները ժամանակավորապես դադարեցվում են։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում երկարօրյա ծառայություններն ու արտաուսումնական խմբաները կարող են գործել՝ պարտադիր պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է: Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից՝ հետևյալ սկզբունքներով.
ա. 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի:
բ. Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում:
գ. Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում:
դ. Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են կիրառել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները:
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ուսուցիչներին
Ըստ ուղեցույցի՝ 65 տարեկան և բարձր տարիքի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի կամ դասը անցկացնել հեռավար: Նրանց տրվելու է ընտրության հնարավորություն՝ կա՛մ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք տրամադրվում են նախարարության կողմից, կա՛մ աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, կա՛մ չներկայանալ աշխատանքի։
Աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցչի համար դասաբաշխում չի կատարվում, իսկ աշխատավարձի վճարումը կատարվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել, քան մեկ հաստիքի չափով։
Նշվում է, որ ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: