Դալին ու Պիկասոն դեռ Երևանում են
Օգոստոսի 20-ին, Ազգային պատկերասրահը երկար դադարից հետո վերաբացվում է: Առաջնորդվելով ՀՀ պարետի N 253 որոշմամբ՝ թանգարանի այցելուները պետք է պահպանեն հետևյալ կանոնները, այն է՝ թանգարանում այցելուները պարտադիր պետք է կրեն դիմակ և պահպանեն սոցիալական հեռավորություն:
Սակայն VERELQ-ին հետաքրքրում է, թե արդյոք պատկերասրահը կուրախացնի իր այցելուներին Դալիի ու Պիկասոյի գործերի ցուցադրությամբ, որը խաթարվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Հիշեցնենք, մարտի 7-ին 20-րդ դարի երկու մեծագույն արվեստագետների՝ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոի գործերը ավելի քան 260 ստեղծագործություն ներկայացվեց Ազգային պատկերասրահում՝ քանդակ, գրաֆիկական աշխատանքներ և խեցեղեն: Ցուցահանդեսը յուրօրինակ էր ու երկար սպասված, սակայն երևանցիները հաշված օրեր կարողացան միայն վայելել, քանի որ կարանտինի պատճառով կյանքը երկրում կանգ առավ:
VERELQ-ի հարցին ի պատասխան Հայաստանի ազգային պատկերասրահից տեղեկացրեցին, որ Դալի-Պիկասո» ցուցահանդեսը դեռ Երևանում է և, հետևապես, այցելուները կարող են ծանոթանալ արվեստի գործերին: Սակայն ընդամենը 4 օր:
Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը, պատկերասրահի այցելության ժամերը կսահմանվեն 11.00-20.30: