Եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ-ն պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը. Սարգսյան
Եթե ապրիլյան պատերազմում ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա Հայաստանը անպայման ճանաչելու էր Արցախի անկախությունը: Այս մասին խոստացված ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը.
«Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր, բայց եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Արցախի անկախությունը: Այդպիսով ակնհայտ էր դառնալու, որ հաստատակամ ենք իրագործել խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին, այն է՝ ՀՀ Զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - շեշտեց Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի նախագծին, որը պատրաստ է և համապատասխան հաստատությունում է, ապա երրորդ նախագահը վստահ է, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական կամ դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցի.
«Ուստի, դա պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, լինելու է», - հավելեց նախկին նախագահը: