22.11.2024
Արթուր Վանեցյանն ու Վիտալի Բալասանյանը սերտ կհամագործակցեն
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դիմել են Սահմանադրական դատարան

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։  


«Հավատարիմ լինելով դեռևս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով և մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաև իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝


Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները.


ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ.


Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։


Այս համատեքստում՝


Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով:


Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին եվ 169-րդ հոդվածի 2-րդ մասին և հակասահմանադրական է:


Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։


Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։


ԵՐԿՐՈՐԴ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ.


Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։


Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորագրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»: