Արցախում կուժեղացնեն առցանց խաղերի և տոտալիզատորների արգելքի կատարման վերահսկողությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ դրական են ազդել ինչպես խաղացողների թվի էական կրճատման, այնպես էլ հանրության կողմից հնչեցրած գնահատականների առումով, սակայն դեռևս լուրջ և համապարփակ աշխատանքներ պիտի տարվեն արգելքը շրջանցելու ցանկացած փորձ կանխելու ուղղությամբ։ Ցանկալի արդյունքի հասնելու համար, ըստ նախագահ Հարությունյանի, պայքարը պիտի լինի անընդմեջ և հետևողական, իսկ արգելքի շրջանցման ուղիները փակելու մեխանիզմները՝ արդունավետ՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արագ առաջընթացը։
Տիրող իրավիճակի, խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։
Հանրապետության նախագահը հանձնարարել է շահագրգիռ մարմինների ղեկավարներին կարճ ժամանակահատվածում սկսել ոլորտը կարգավորող իրավական դաշտի հստակեցման և համացանցում մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ աշխատանքները։
VERELQ-ը հիշեցնում է՝ հուլիսի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ կազինոների և խաղատների մասին օրենքի համաձայն՝ առցանց խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը կարգելվի:
"Ես կարծում եմ, որ որոշումը արդարացված է, քանի որ մեր հայրենակիցներից շատերը շարունակում են խաղալ ինտերնետի միջոցով՝ հաճախ կորցնելով ամբողջ ամսվա աշխատավարձը եւ նույնիսկ ավելի շատ։ Դա, իր հերթին, հանգեցնում է անիմաստ պարտքերի և մի շարք սոցիալական խնդիրների ընտանիքում, այդ թվում ամուսնալուծությունների դեպքերի եւ ինքնասպանությունների փորձերի", - ասել է Հարությունյանը: