Մանկատան 163 շրջանավարտների բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց
Կառավարությունը 2003-2015 թթ. ընթացքում ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերում է դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագիր կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ հերթական ցուցակում ներառված, սակայն բնակարան չստացած մնացած շահառուների համար 2019 թվականին մեկնարկել է բնակարանների գնման վկայականներ գնելու գործընթացը, արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով, հայտնում է Արմենպրեսը:
«Նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, ովքեր չունեն բնակարան, տրամադրվելու է բնակարան:
Զարուհի Բաթոյանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991- 2019 թվականը, չունեն սեփականություն, կունենան բնակարան: