23.11.2024
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է սահմանները երկկողմանի բացելու հարցը. Ավինյան
prev Նախորդ նորություն

ԱԱԾ նախկին ղեկավարը նշանակվել է Հայկական ատոմակայանի գործադիր տնօրեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։


«ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: աշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,-նշել է Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենին առաջիկա աշխատանքներում:


ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ էներգետիկ ոլորտի առաջատարների և լավագույն մասնագետների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:


Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝ մասնավորապես, առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով և ներքին ընթացակարգերով գնումների գործընթացի և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը:


Նախարարի խոսքով վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:


Նախարարը հաջողություն է մաղթել կառույցի ղեկավար կազմին և գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ մաղթել հաջողված համագործակցություն և արգասաբեր գործունեություն:


Հիշեցնենք, հունիսի սկզբին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։