Ուսումնական տարվա սկիզբը կամ ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան. Գախարիա
Առկա համաճարակաբանական իրավիճակը հիմք չի տալիս ուսումնական տարվա սկիզբը կամ հոկտեմբերի 31-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգելու համար։ Այս մասին Քութայիսի այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է "Նովոստի Գրուզիան"։
Այսօր ավելի վաղ Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հնարավոր է համարել ուսումնական տարվա սկիզբը տեղափոխել համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում:
«Այսօրվա դրությամբ սեպտեմբերի 15-ից դասարաններում երեխաների ուսումը հետաձգելու եւ ուսումնառությունից հրաժարվելու ոչ մի հիմք չկա։ Այսօր նման դրույթ չկա։ Նաեւ հիմքեր չկան խոսելու ընտրությունների ամսաթվի փոփոխության մասին», - հայտարարել է Գախարիան։
Վարչապետը հավելել է, որ սահմանափակող միջոցներ կիրառելիս կառավարությունը մտածում է ոչ միայն մարդկանց առողջության, այլեւ երկրի տնտեսության մասին:
Գախարիան նաեւ նշել է, որ վարակի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ են կառավարության եւ քաղաքացիների համատեղ ջանքերը, ինչպես նաեւ բնակչության վստահությունը:
«Վարակը ոչ մի տեղ չի անհետանա: Աշխարհը պետք է փորձի համակերպվել ապրել այս վարակի հետ: Սա չի նշանակում, որ կյանքը պետք է կանգ առնի: Մենք պետք է ուսումնասիրենք վարակի տարածման աշխարհագրությունը եւ արագությունը, որ մենք անում ենք արդյունավետ: Մենք կշարունակենք դա անել արդյունավետ, բայց միայն պետության ջանքերն անբավարար են», - ասել է նա: