23.11.2024
Մոսկվայից դեպի Երևան նախատեսված են նոր չարտերային չվերթներ
prev Նախորդ նորություն

ՀԲԸՄ-ն 2 միլիոն դոլար է հանգանակել հանուն Լիբանանի

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հատուկ հիմնադրամ և օգնության խումբ է ձևավորել՝ հանուն Լիբանանի. այս մասին ասված է ՀԲԸՄ մամուլի հաղորդագրության մեջ:


«Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր տարածեց՝ արագացնելու օգնության հատուկ հիմնադրամի միջոցով լիբանանահայերին հասցվելիք աջակցությունը: Ողջ աշխարհից բարերարների և նվիրատուների կողմից անմիջապես ուղարկված առատաձեռն աջակցության շնորհիվ միայն հանգստյան օրերին հանգանակվեց ավելի քան մեկ միլիոն դոլար: Առաջին միլիոնը կրկնապատկվեց ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե և Թամար Մանուկյանների կողմից, ովքեր ստանձնեցին հավելյալ հանձնառություն՝ կրկնապատկելու առաջիկա շաբաթների ընթացքում այս հրատապ ջանքերի շնորհիվ գոյացած բոլոր միջոցները»:


Ըստ հաղորդագրության՝ արդեն իսկ հանգանակվել է 2 միլիոն դոլար:


Առաջին խոշոր՝ 100,000 ԱՄՆ դոլար և ավելի նվիրատվություն կատարողներն են՝ Էլի և Էլզբիեթա Աքլյանները (ԱՄՆ), Երվանդ Դեմիրճյանը (ԱՄՆ), Հայկ և Էլզա Թիթիզյանները (ՄԹ), Նիկոլ Քուլաջյանը (ԱՄՆ), Լևոն և Կլաուդիա Նազարյանները, Ջոզեֆ և Ջեննի Ուղուրլյանները (ՄԹ), Պերճ և Վերա Սեդրակյանները (ԱՄՆ), Սեմ և Սիլվա Սիմոնյանները (ԱՄՆ), Սինան և Անժել Սինանյանները (ԱՄՆ) և մեկ անանուն նվիրատու (ԱՄՆ):


«ՀԲԸՄ-ն դիմում է աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով անհետաձգելի ու առատաձեռն նվիրատվությունների միջոցով փրկօղակ նետել Լիբանանի իրենց հայրենակիցներին, որը կօգնի առավելագույնս օգտվել նվիրատվությունները կրկնապատկելու այս հնարավորությունից:


Նկատի առնելով փոստով նվիրատվություններ կատարելու հետ կապված ներկայիս բարդությունները՝ խնդրում ենք նվիրատվությունները կատարել առցանց կամ հեռախոսով: Նյու Յորքի Citibank-ում ստեղծված օգնության հիմնադրամի և վերջինիս նպատակների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.agbugiving.org/lebanon կայքէջից կամ զանգահարելով 212-319-6383 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ Նյու Յորքի ժամանակով առավոտյան 9-ից մինչև երեկոյան 5-ը): Էլեկտրոնային փոխանցումների համար գրե՛ք հետևյալ էլ. հասցեով. [email protected]»,- գրված է հաղորդագրության մեջ: