Չի կարող լինել վերադարձ անցյալին. Սերժ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07.08.2020
Ես խոստացել եմ, որ հենց ավարտվի արտակարգ դրությունը, ես կհրավիրեմ մամուլի ասուլիս և շիտակ ու անկեղծ կպատասխանեմ ապրիլյան քառօրյային վերաբերող բոլոր հարցերին: Այնուհետև տեղում կորոշենք՝ որը կլինի հաջորդ ասուլիսի թեման՝ ԼՂՀ բանակցային գործընթաց, 2018թ. ապրիլի իրադարձություններ, կամ որևէ այլ թեմա, որը կհետաքրքրի մեր քաղաքացիներին, մեր ժողովրդին: Ափսոսում եմ, որ մեր՝ համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը հնարավորություն չեն տալիս կատարել խոստումս: Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել: Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով տեսանյութերից առաջինում:
Պատասխանելով հարցին, թե արդոք պայքարում է անցյալը ետ բերելու համար, Սարգսյանը նշել է, որ միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի:
«Չի կարող Հայաստանի Հանրապետության պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թ. ապրիլից»,- ասել է նա:
Նա նշել է, որ որոշել է ինչ-որ չափով կատարել իր խոստումը և պատասխանել վերջին երկու տարիներին ավելի հաճախ հնչող հարցերին այս ձևաչափով: Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպեն այդ խոստացված ասուլիսը:
Իսկ ի՞նչ անել հիմա հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Մենք շատ բան ունենք անելու: Առանց հուսահատվելու, անհրաժեշտ է համախմբել մեր պետության բոլոր ռեսուրսները, բոլոր կարող ուժերին ու անհատներին և շարժվել առաջ»:
Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ մյուս տեսանյութերը կհրապարակվեն օրվա ընթացքում: