Ճարտարապետները ներկայացրեցին "Զվարթնոցը" քնդելուց փրկելու նախագիծ
Մի խումբ ճարտարապետներ, չնայած պնդումներին, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդիականացման և որպես օդանավակայան շահագործման ենթակա չէ, «Մեդիա կենտրոնում» ներկայացրեցին տվյալ մասնաշենքի արդիականացման նախագիծը: Նրանք իրականացրել են նախահաշվարկ և համոզված են, որ 25 մլն դոլար ներդումների դեպքում շինությունն ամբողջությամբ կհամապատասխանի միջազգային օդանավակայանի շահագործման համար անհրաժեշտ չափանիշներին:
«Արդեն 15 տարի է անընդհատ ասվում է հասարակությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը չի համապատասխանում արդի պայմաններին, օդանավակայանի համար անհրաժեշտ գործառույթներին և այն չի կարող ծառայել, որպես ժամանակակից օդանավակայան: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշակի ներդրումներ իրականացնելու պարագայում այն կարող է ծառայել որպես օդանավակայան՝ միջազգային չափանիշներին համապատասխան», - հայտարարեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ տեղեկացնելով, որ մի խումբ ճարտարապետներով կազմել են կլոր մասնաշենքի արդիականացման նախագիծ, որը թույլ կտա այն վերածել ֆունկցիոնալ օդանավակայանի և պահել վերջինիս ճարտարապետական տեսքը:
Խնդիրը քննարկվել է նաև Հանրային խորհրդում, որտեղ կտրականապես դեմ են արտահայտվել օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժմանը՝ առաջարկելով առավել համապատասխան ճանաչել ճարտարապետներ Անահիտ Թարխանյանի և Ժորժ Շեխլյանի արդիականացման նախագծերը: «Հանրային խորհրդի ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի Ավիացիայի ենթահանձնաժողովի մարտի 22-ի նիստում անընդունելի է համարվել կոնցեսիոների՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության 2013-2017 թթ. Մաստեր-պլանով առաջարկած ճարտարապետական լուծումը, և առաջարկվել է ՀՀ նախագահին և կառավարությանը՝ խստիվ արգելել համալիրի որևէ ապամոնտաժման աշխատանքների իրականացում մինչև այլընտանքային նախագծի հաստատումը», - հայտարարեց Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանը:
Նոր նախագծով, նշում է Թարխանյանը, առաջարկվում է օդանավակայանի կլոր մասնաշենքն արդիականացնել և ընդլայնել պահեստային մասի հաշվին: «Եթե մենք մեքենաների կայանատեղը հանում ենք օդանավակայանի տակից, ինչը միջազգային պահանջ է, ձևավորվում են տարածքներ, ինչը թույլ կտա նորմալ իրականացնել օդանավակայանի աշխատանքը: Բացի այդ, եթե նոր մասնաշենք կառուցելու համար կոնցեսիոները պետք է ներդնի 110 մլն դոլար և ընդհանուր առմամբ գործող օդանավակայանի հետ ունենա 7 «գեյթ», մեր առաջարկով կծախսվի ընդամենը 25 մլն դոլար: Արդյունքում կպահպանվի այս շենքը և այն կունենա 11 «գեյթ»», - տեղեկացրեց նա։
Զվարթնոց օդանավակայանի գործող մասնաշենքի շինարարության վրա, ասաց Թարխանյանը, կոնցեսիոները ներդրել է 160 մլն դոլար: «Ըստ պայմանագրի՝ այն ինչ կոնցեսիոները կառուցում է զրոյից, դառնում է իր սեփականություն, իսկ այն ինչ վերականգնում կամ արդիականացնում է, մնում է պետական սեփականություն», - ընդգծեց բանախոսը՝ ենթադրելով, որ հավանաբար սա է պատճառը, որ կոնցեսիոները չի ցանկանում ներդրում կատարել կլոր մասնաշենքի արդիակացաման վրա և անպայման ձգտում է կառուցել նորը:
Քննարկմանը ներկա «Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ օդանավակայանը, իհարկե, ժամանակի ընթացքում զարգանալու և ժամանակի չափանիշներին համապատասխանելու խնդիր ունի, ուստի չեն բացառվում շենքի ներսում որոշակի փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մշակութային արժեքը պետք է ստորադասվի այդ խնդիրների իրականացմանը: «Բոլոր այն երկրներում, որտեղ նման խնդիրներ են առաջացել, այդ շենքերը պահպանվել են և օգտագործվել այլ նպատակներով: Մեր գերխնդիրը «Զվարթնոց»-ի շենքը պահպանելն է: Թե այն կլինի կոնցեսիոների կամ պետության հովանու ներքո, կծառայի որպես օդանավակայն, թե ոչ, այլ հարց է: Այն մեր մշակութային դիմագիծն է և ճարտրապետական աժեք, որը քադել չի կարելի», - եզրափակեց նա։