Զինվորական երդման արարողություններին բացառվելու են տեսակցությունները և ընդունելությունները
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ զինծառայողների ծնողներին տեղեկացնում ենք, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին, որոնք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: