24.11.2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներին ապաէսկալացիայի կոչ է արել
prev Նախորդ նորություն

Փայլանը՝ Չավուշօղլուին. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ ԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Կարո Փայլանը այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան։


Ermenihaber-ի փոխանցմամբ, հարցադիմումի մեջ Փայլանը մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, ինչից ելնելով պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը նշել է, որ չեզոքություն պահպանելու փոխարեն ցեղային պատճառներից ելնելով, Ադրբեջանին բացահայտ աջակցող հայտարարություններն ավելի են մեծացնում լարվածությունը։


Փայլանը հետևյալ հարցերն է հղել Թուրքիայի գլխավոր դիվանագետին.


1. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
2. Դեռևս չե՞ք հասկացել, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն մեծացնում է հարցերը:
3. Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։
4. Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
5. Թուրքիան, եթե ցեղային պետություն չէ, ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
6. Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
7. Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին։
8. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին։


Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի` Մեծամորի ատոմակայանին հարվածելու վերաբերյալ սպառնալիքները մեծ արձագանք ստացան ու բավական քննարկվեցին։ Հարցն այն է, որ միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որ պատերազմող երկրները միմյանց սպառնան ատոմակայանի ոչնչացմամբ: