"Ծիրանի խնդրով" ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին
ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու ՌԴ տարածքում վերջին օրերին հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով:
Ինչպես հայտնում են կառույցի մամուլի ծառայությունից, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինին վերջին մի քանի օրերին ՌԴ տարածքում, մասնավորապես «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից ս.թ. հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ:
Գործընկերներին ուղղված գրություններում մասնավորապես ընգծվում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում:
ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին պատկանող Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։ Հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները ստիպված տեղափոխել էին այլ առևտրային կենտրոններ։