Խախտվում է ԵԱՏՄ չորս ազատություններից մեկը. ԱԺ-ն՝ ՌԴ-ում հայկական ծիրանի խնդրի մասին
ՌԴ օրենսդիր մարմիններում մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ այդ գործողություններով խախտվում է ԵԱՏՄ չորս ազատություններից մեկը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղափոխումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խումբը:
«Հայտնում ենք մեր անհանգստությունը Մոսկվայի եւ Մոսկվայի շրջանի որոշ պարենային շուկաներում ծագած իրավիճակի կապակցությամբ, որտեղ վերջին օրվա ընթացքում այդ շուկաների ղեկավարները վարում են խտրական քաղաքականություն Հայաստանից ՌԴ ներկրված գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ։
ՌԴ օրենսդիր մարմիններում մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ այդ գործողություններով խախտվում է ԵԱՏՄ չորս ազատություններից մեկը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղափոխումը («Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր», 29.05.2014թ․)։
Եւս մեկ անգամ հայտնում ենք մեր անհանգստությունն ու հույս ունենք, որ կձեռնարկվեն միջոցներ ՌԴ տարածքում Հայաստանից ներկրված գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղափոխումն ապահովելու համար»։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին պատկանող Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։ Հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները ստիպված տեղափոխել էին այլ առևտրային կենտրոններ։