Քիմ Քարդաշյանը քննադատել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հետ սահմանին
Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Այդ մասին Թվիթերում գրառում է արել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հետ սահմանին։
Նա նշել է, որ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնացել է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին:
«Իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրում վերջին սրացման ընթացքում սահմանին են։ Կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս հարձակումները համավարակի այս՝ արդեն իսկ բարդ պայմաններում», - գրել է նա։
Քիմ Քարդաշյանը նշում է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը։
«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- ասված է գրառման վերջում։
VERELQ-ը հայտնել էր, որ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Բաքվին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու հարցը:
Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: