Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից. ՊՆ
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել Տավուշի ուղղությամբ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
"Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը", - ասված է նրա ֆեսյուքյան գրառման մեջ:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, "մեզ համար անհասկանալի պատճառով", ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան», - հայտնել էր Շուշան Ստեփանյանը: