23.11.2024
Ճգնաժամը խորանում է. ԿԲ-ն Հայաստանում 4% տնտեսական անկում է կանխատեսում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները վնասում են խաղաղ գործընթացը․ Մնացականյան

Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։


Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:


Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:


Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորեց Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը: