Հուլիսի 1-ից առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը:
Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հուլիսի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, և կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։
Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ ԵՏՀ 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումներով սահմանված բժշկական նշանակության ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունը գործելու է մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը: