24.11.2024
Գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, 762 առողջացում և 11 մահ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում գործում է 5-րդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սարգսյանի ընտանիքը. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ալիևին ուղղված պատասխաին, հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահին լեզուն երկարել է, որովհետև ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սարգսյանի ընտանիքը:


Ըստ խոսնակի՝ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Ալիևի և Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են:


«Հայաստանյան հայտնի կոռուպցիոներները, որոնք անցնում են հայտնի քրեական գործերով, քաղաքական հալածյալ են ինչպես Իլհամ Ալիևի այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, ՀՀ Սահմանադրության մեջ տեղի ունեցած վերջին փոփոխությունները ապօրինի են ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, Հայաստանում դիկտատուրա է հաստատված ինչպես Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանում զանգվածային կոռուպցիա է տիրում ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները ռեկետով են զբաղվում, ապօրինի հարստություններ են դիզում ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործարքները կասկածի տակ են դրվում ինչպես Իլհամ Ալիևի այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմից:


Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում են նույնական ստահոդ տեքստեր: Այս ողջ պատմության մեջ Ալիև և Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են»,-ասվում է հայտարարության մեջ:


Գևորգյանը նշել է, որ հիմա Իլհամ Ալիևի լեզուն է երկարել, 2016-ին երկարել էին նրա ձեռքերը:


«Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը Ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից:


Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև ազգային-ապազգային դիսկուրսին, ինչպես նաև օգտագործել Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա, և ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային և որը ապազգային իշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:


Գևորգյանը հավելել է, որ «սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից»:


Խոսնակը հավելել է, որ Սարգսյանը պետք է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին «հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները և ունեցվածքը և ինչու է նրա և նրա խմբի կողմից Հայաստանի կառավարման պատմությունը դարձել թալանի, կոռուպցիայի, խայտառակության պատմություն»:


«Ինչ վերաբերվում է սեփական կոռումպացված թիմին և հաճախորդներին քաղաքական լավատեսություն ներշնչելու ՀՀԿ նախագահի փորձերին, կարծում ենք պարոն Սարգսյանը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018 թվականին (մեջբերում). «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» (մեջբերման ավարտ)»,-ասվում է հայտարարության մեջ:


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, արձագանքելով Հայաստանի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտություններին, հայտարարել է, որ Ալիևի լեզուն երկարել է՝ «ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով»։ 


Ալիևը հայտարարել է, թե ՀՀ անկախության պատմությունը ամոթի պատմություն է։ Նա ասել է,թե ՀՀ գործող իշխանոթյունները ապացուցել են, որ 1998-2018թթ․ «ՀՀ կառավարող մարդիկ հանցագործներ, գողեր ու ավազակներ են եղել, և նրանից շատերը կալանավորված են»։