24.11.2024
Աշխատավարձերից անհիմն պահումներ, անհիմն ազատումներ․ ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել
prev Նախորդ նորություն

Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն՝ գնալով խմբակային, ծանր հանցագործության. Վանեցյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն. այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում՝ նա գնում է խմբակային, ծանր հանցագործության: Այս մասին ասված է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ:


«Առիթ ունեցել եմ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև։


Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում։


Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների դեմ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ սանձազերծված խայտառակ ճնշումներից և տապալված հանրաքվեից հետո, նրա ցուցումով ԱԺ նիստի այսօրվա օրակարգ է ներառվել մի նախագիծ, որը իշխանության զավթման շատ կոնկրետ հանցակազմ է պարունակում։ Նիկոլ Փաշինյանը գնում է խմբակային հանցագործության, ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի։


Հարգելի՜ պատգամավորներ,


չկարծեք, թե Սահմանադրության 96-րդ հոդվածը (այն է՝ պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար) կարող է պաշտպանել ձեզ ձեր իսկ քվեարկությամբ ծանր հանցագործություն կատարելու հետևանքներից։


Ուստի հորդորում եմ ձեզ զերծ մնալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհավասարակշիռ մարդու ապօրինի հրահանգները կատարելուց։


Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները, վստահեցնում եմ, շատ ծանր են լինելու՝ առաջին հերթին մեր պետության, ապա նաև անձնապես ձեզնից յուրաքանչյուրի համար։ Դուք ձեր այսօրվա քվերակությամբ կիսելու եք Նիկոլ Փաշինյանի արարքների քրեական և քաղաքական պատասխանատվությունը։ Լավ մտածե´ք։


Հարգելի´ գործընկերներ,


ստեղծված իրավիճակից ելնելով՝ «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և այդ նպատակով սկսում ենք շտապ խորհրդակցություններ՝ պետության ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերի հետ»։