2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է աշխատանքային իրավունքներին առնչվող մեծաքանակ դիմումներ, որոնց ուսումնասիրությունը վկայում է ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Մասնավորապես, բողոքների քննարկման արդյունքներով կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական խնդիրները.
1) գործատուներն աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չեն կատարում,
2) աշխատողներն անհիմն ազատվում են աշխատանքից,
3) գործատուները չեն պահպանում աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը,
4) գործատուներն աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարում,
5) աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին գործատուներն աշխատողներին օրենքով սահմանված ժամկետներում չեն ծանուցում,
6) առանց աշխատողների համաձայնության գործատուները նրանց այլ աշխատանքի են փոխադրում և այլն:
2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիները բարձրաձայնել են նաև իրենց աշխատանքային իրավունքների խախտման այլ դեպքերի մասին:
Տարածված և համակարգային խնդիրներից է՝
• աշխատանքի ընդունվելիս աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելը․
• աշխատողին աշխատանքից ազատման դիմում գրելուն հարկադրելը․
• կատարած արտաժամյա աշխատանքի համար աշխատողին չվարձատրելը և այլն։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման խնդիրների հիմքում հիմնականում ընկած է աշխատանքային ոլորտում առկա իրավակարգավորումների վերաբերյալ իրազեկման պակասը:
Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ մանրամասն տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող վերլուծություն համապատասխան առաջարկներով։
Նշենք, որ մեր երկրում բացակայում է աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմին և քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման միակ տարբերակը դատարան դիմելն է։