Փաշինյանը չի մեկնի Մոսկվա. նա նամակով դիմել է Պուտինին
Վարչապետի Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացվելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հունիսի 9-ին «Ռիա Նովոսոտի» գործակալությունը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը կմասնակցի հունիսի 24-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք Հաղթանակի շքերթին։
«Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև», - ասված է Փաշինյանի նամակում:
Փաշինյանը նշում է, որ իր համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: «Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար:
Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:
Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները», - ասված է նրա նամակում: