14.04.2025
Փաշինյանը չի մեկնի Մոսկվա. նա նամակով դիմել է Պուտինին
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց ԱԱԾ-ի միջնորդությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրցած միջնորդությունը մերժվեց:


Նման որոշում այսօր՝ հունիսի 21-ին, կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը՝ մերժելով ընտրողների ազատ կամարտահայտությանը բռնանալու մեջ մեղադրվող Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:


Դատարանի շենքից դուրս գալուց հետո Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ հորդորելով դիմել փաստաբաններին և հեռացավ:


Մինչ դատարանի շենք մուտք գործելը Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում իր նկատմամբ սկսված քրեական հետապնդումն անվանեց «քաղաքական պատվեր»: Նա հիշեցրեց, որ ժամանակին աջակցել է ներկայիս իշխանություններին՝ ակնարկելով, որ այդ ժամանակ իր համար խնդիրներ չէին ստեղծում:


«Դուք լավ տեսնում եք, ես և գործընկեր էի, և հուշագիր էի ստորագրում, և սեփականատեր էի, գնում էի, նայում էի, թե ինչ աշխատանք է կատարված, որ իմ երկիրը կարողանամ լավ ներկայացնեմ: Ծառուկյանը, եթե այսօր հայտարարեր` օօօօ՜ վարչապետը, այս նոր իշխանությունը ինչեր է արել... Մի բան էլ ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, չի կարելի անընդհատ հների հետ կապել: Մուկուչյանը ովա եղել, մինչեւ հիմա խի՞ կա, հարց եմ տալիս բոլորին, ամենաառաջին ըկեղծարարը ընտրությունների համար, էդ ո՞նց եղավ մինչեւ հիմա կա»,- ասել է նա` նորից հավելելով, որ իր դեմ քաղաքական պատվեր է իրականացվում:


Անդրադառնալով Վանեցյանի հետ համագործակցությանը նա ասաց, որ ամբողջ թիմով այս պահին քննարկումների մեջ են. «Ամենակարեւորը այսօր պետք է ազգովի միավորում լինի, իմը-քոնը չպիտի լինի, այս վիճակից դուրս գալու համար: Քննարկվում է, որեւէ փաստաթուղթ չկա ստորագրած»:


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել երեք տարբեր քրեական գործերի մասին, որոնք առնչվում են Ծառուկյանին։


Գործերից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ընտրակաշառք բաժանելուն, մյուսը՝ ապօրինի խաղատներ աշխատեցնելուն և պետությանն ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս պատճառելուն և երրորդը՝ Առինջ համայնքում հողատարածքի ապօրինի օտարմանը։ Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իր գործը համարում է «անհիմն և շինծու»։


Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Միջնորդության քննությունը տևել է երեք օր։