Որևէ մեկն արդյոք մեկ րոպե մտածել է, որ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելով, հնարավորություն է ընձեռնում զրկել հանապազօրյա աշխատանքից այն մարդկանց, ովքեր աշխատում են Ծառուկյանի հիմնադրած ընկերություններում։ Եվ առհասարակ՝ գործ սարքելուց էլ մարդ պետք է մի քիչ շնորհքով դա անի, անգամ այդ գործում եք անտաղանդ ու ապաշնորհ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նա հայտարարեց, որ վերջինս իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը.
«Դուք հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն եք և պարզապես իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ: Գալու է դրա ժամանակը և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք».- հայտարարեց նա:
Իվետա Տոնոյանը շեշտեց՝ այսօր, երբ երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, երբ ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր է, որ տնտեսական խնդիրների պատճառով մեր ազգաբնակչությունը հայտնվի սովի առաջ, իշխանությունը քաղաքական ամբիացիաները բավարարելու և դրանց հագուրդ տալու համար սանձազերծել է քաղաքական հետապնդում։
«Որևէ մեկը կույր չէ, բոլորը շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Քաղաքական կուսակցության ղեկավարի առողջ քննադատությունից հետո հարձակվել եք, իշխանությունների ամենաուղղակի հրահանգով, Գագիկ Ծառուկյանի վրա։ Ուզում եք մեզ լռեցնե՞լ, միևնույն է չի ստացվելու: Ուզում եք մեզ ասֆալտին փռե՞լ ու պատերին ծեփե՞լ. չի՛ ստացվելու»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Վերջում պատգամավորը հավելեց.
«Պարոն Դավթյան, իսկ ե՞րբ եք պատրաստվում խորհրդարան գալ ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների ապօրինի արտահանման վերաբերյալ հարուցված քրեական գործերով պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով»:
Հիշեցնենք, Ազգային ժողովը քննարկում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: