Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քննիչները պատրաստվում են խուզարկել ԱԺ իր աշխատասենյակը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։
Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ», - ասված է Զոհրաբյանի հայտարարության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, նրան պատկանող ձեռնարկությունները։ Այնուհետև նա ութ ժամ հարցաքննվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որի ընթացքում Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց ԱԱԾ-ն։
Այնուհետև պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 14-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը կապ չունի վերոնշյալ երեք քրեական գործերի հետ։ Այդ մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Երեք քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։
Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի Խորհրդականական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին։
Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաեւ հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։
Կատարվածի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է իր նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը՝ այն որակելով «քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»։ Նա նշում է, որ պատրաստ է ցանկացած սցենարի:
Այնուհետև գլխավոր դատախազը դիմեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
«Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում», - այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանը։