19.04.2025
Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ առաջիկայում կտեղափոխվեն փոքր տուն
prev Նախորդ նորություն

Արմեն Գևորգյանի հորը մեղադրանք է առաջադրվել 1 մլն դոլար կաշառքի «օրինականացման համար». ՀՔԾ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել 1 մլն դոլար կաշառքի «օրինականացման համար», որը ստացել է որդին: Այդ մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:


Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.


«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը:


2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը:


Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:


Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին, ընդհանուր առմամբ, չորս մեղադրանք է ներկայացվել։ Դեռ 2018-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։


Տվյալ դեպքում, ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։


 


 

ՏԻՄ բարեփոխումներ՝ 8,6 մլն դոլարով. ՀՏԶՀ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար