Կա բավարար գործիքակազմ, որ գազի թանկացում անհատ սպառողների համար չլինի. փոխվարչապետ
Կա բավարար գործիքակազմ ու ռեսուրս, որ գազի թանկացում չլինի անհատ սպառողների համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ վերահաստատելով իր նախկինում արված հայտարարությունը:
«Հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել ու լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից, վկայում են, որ անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինի»,- ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է սահմանին գազի գգնի շուրջ բանակցություններին, ապա դրանք դեռ շարունակվում են: Ըստ Գրիգորյանի՝ դա մշտական գործընթաց է, քանի որ սահմանին գազի գնի ձևավորման միասնական մեխանիզմներ չունենք.
«Դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում: Այդ հարցի շուրջ հնարավոր է երկար խոսել: Ռուսաստանը ոչ թե դեմ է սկզբունքին, այլ դեմ է իրագործման ձևին, բայց մեզ համար կարևոր է, որ գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված և երկարատև։ Այդ պայմանավորվածությունը ձեռք բերելու և ֆորմալիզացնելու հարթակը ԵԱՏՄ-ն է», -հավելեց Գրիգորյանը։
Նա նաև չի հերքել, որ կարող է վերանայվել 2013-ին ՌԴ-ի հերտ կնքված գազային համաձայնագրերը:
«Իսկ ով ասաց, որ որեւէ մեկը չի զբաղվում պայմանագրերի խնդիրներով: Երբ ես խոսում եմ հարթակների եւ լուծումների մասին, դուք պետք է նաեւ զգաք, թե իրավական ուժ ունենալու ինչ որոշակիություն կարող է լինել, այսինքն ինչ մակարդակի պայմանավորվածություններ եւ ինչ փաստաթուղթ պետք է լինի», - հայտարարեց Գրիգորյանը։