Հայաստանում, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, երկու մարդ մահացել է կորոնավիրուսից վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով: Արդյոք դրան իրավական գործընթաց չպե՞տք է հետևի:
Այդ մասին հունիսի 9-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ու հարց ուղղեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ Սահմանադրությամբ պետությունն ունի մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու միջազգային պարտավորություններ՝ հիշատակելով ՄԻԵԴ-ի որոշումների մասին:
«ՄԻԵԴ-ը բազմաթիվ որոշումներով արձանագրել է պետության կողմից մարդու առողջությունը պահպանելու մասին եւ եթե այս կամ այն օղակը չի կարողացել պահպանել մարդու առողջությունը նախատեսում է հատուկ ընթացակարգեր: Կուզենայի Ձեր արձագանքը լսել, որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան պետք է իրավական գործընթաց հետեւի, թե ոչ պատասխանատվության մասով», - հարց ուղղեց Զոհրաբյանը:
Արման Թաթոյանը նախ նշեց, որ պաշտպանի գրասենյակը կապի մեջ է պարետատան հետ: «Բուժօգնության ցուցաբերման հարցերով ես լրացուցիչ գրություններ եմ հասցեագրել, այդ դեպքով էլ, որ ստանանք լրացուցիչ տեղեկություններ, որովհետեւ ինձ անհրաժեշտ են պաշտոնական պարզաբանումներ», - նկատեց նա, որն ակնհայտորեն չբավարարեց Նաիրա Զոհրաբյանին:
«Երկու մարդ մահացել է հիվանդանոց չհասցնելու պատճառով: Ի վերջո քրեական վարույթ պետք է հարուցվի՞, թե ոչ, պարզելու համար մեղավորներին», - կրկնեց հարցը պատգամավորը՝ ակնկալելով ստանալ հստակ պատասխան:
«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, եւ ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնել»,-պատասխանեց Թաթոյանը՝ նկատելով, որ որպեսզի քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտության հարցը լուծվի, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ արդյոք պաշտոնատար անձի մեղքով է եղել, թե ոչ:
Նա նաև նկատեց, որ ՄԻՊ-ը պաշտոնատար անձ է, թեկուզ անկախ: «Ի տարբերություն հասարակական, քաղաքական գործիչների, պատգամավորների, չեմ կարող նման գնահատականներ տալ», - եզրափակեց նա: