Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին, հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում:
«Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նա հավելել է, որ օրերս «Արցախէներգո» ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և մինչև 2022թ.-ը կապիտալ աշխատանքների արդյունքում ամբողջովին կվերակառուցվի ենթաշրջանը սնուցող էլեկտրացանցը:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը՝ ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ, այցելել է Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադրած չորանոցային տնտեսություն, ՊԲ Ն զորամաս, ինչպես նաև Հագարի գետի վրա կառուցվո՝ 6,8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան: