Մահացել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի առաջին տեղակալը
Կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի առաջին տեղակալ, հոգեբանական գիտությունների դոկտոր, գնդապետ Վազգեն Հենրիկի Մարգարյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:
"Մեծ է գնդապետ Մարգարյանի ավանդը Զինված ուժերում: Նա իր հայրենանվեր ծառայությամբ երկար տարիներ նպաստել է ԶՈՒ-ի ինտելեկտուալ զարգացմանը: ՊԱՀՀ-ում նրա երկարամյա գիտական, հետազոտական և ղեկավար գործունեությունը, նրա անձնուրաց աշխատանքն ու ծառայությունը մշտապես եղել են օրինակելի:
Բացի անբասիր ծառայությամբ զինվորական լինելուց, գնդապետ Մարգարյանը ԶՈՒ-ի պատվելի գիտնական էր, մտավորական, ռազմական հոգեբանության բնագավառի եզակի մասնագետ, որը կրթել է բազմաթիվ սերունդների:
Նրա կորուստը մեծ ցավ է ՊԱՀՀ-ի ամբողջ անձնակազմի համար: Կորցրել ենք սիրելի Ընկերոջ և Գործընկերոջ, հայ մարդու, նվիրյալ հայ սպայի, օրինակելի քաղաքացու: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:
ՊԱՀՀ-ի ղեկավարությունն ու անձնակազմը խորապես վշտակցում են գնդապետ Մարգարյանի հարազատներին և մտերիմներին: Թող լույսի մեջ պարուրվի նրա հոգին", - ասված է հաղորդագրության մեջ: