Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին Փաշինյանը հայտարարեց Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ թեստի պատասխանները դրական են:
Նա նշել է, որ որևէ ախտանշան չի ունեցել, բայց քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային՝ որոշել է թեստավորվել և թեստը դրական է եղել: Դրանից հետո թեստավորվել են ընտանիքի բոլոր անդամները և դարձյալ դրական պատասխան.
«Որևէ ախտանշան չունենք: Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանքի ներկայանալուց առաջ ինչպես կարգն է ջերմաչափվել եմ, ջերմություն չեմ ունեցել: Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձանից: Ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել՝ վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որ տպավորվել է իմ մեջ և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված, մանավանդ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում: Ես մի օր արձանագրեցի, որ բաժակն առանց ձեռնոցի դրեցին: Իհարկե, տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ է այդպես եղել: Այդ մատուցողի մոտ թեստը նույնպես դրական է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առաջիկայում վարչապետը կաշխատի կեցավայրից՝ մեկուսացվածության պայմաններում: Վերջում նա կրկին կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները: