24.11.2024
Բռնաբարություն, կողոպուտ, ծեծ. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ կտրամադրվի 900 ընտանիքների

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։


Նախարարության մամուլ ծառայությունից հայտնում են, որ հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը:


Աջակցություն կտրամադրվի Երևանում և հարակից համայնքներում բնակվող, մարդասիրական օգնության կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:


Հուշագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ոչ միայն մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ և այլ անհրաժեշտ իրեր կտարամդրի 900 ընտանիքների, այլև կիրազեկի քաղաքացիներին առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։


Աշխատանքների իրականացման համար կազմակերպությունը կիրականացնի կամավորների հավաքագրում և վերապատրաստում:


Կազմակերպությունը կհոգա նաև մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, տարածքների, սարքավորումների, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և վարչական այլ ծախսերը։


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին կտրամադրի աջակցություն կարիք ունեցող քաղաքացիների տվյալները՝ գործընթացի հասցեականությունն ապահովելու համար։
Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից: