Նախագահ Սարգսյանը՝ իր ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին
Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և քաղաքական ու հասարակական այլ գործիչների հետ անհրաժեշտություն է: Այս մասին ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի վաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ես՝ որպես պետականության և Սահմանադրության երաշխավոր, չեմ կարող ինձ ճոխություն թույլ տալ խոսելու անձնային հարաբերությունների մասին: Նախագահը պարտավոր է մտածել բացառապես պետական կատերգորիաներով՝ ձգտելով օժանդակել որակապես այլ քաղաքական մշակույթի ձևավորմանը, որից ուղղակիորեն կախված կլինի մեր ապագան»,- ասել է նա:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական գործիչ և իշխանության ոչ մի ճյուղ չի կարող հաղթահարել երկրի առջև կանգնած խնդիրները: «Համակարգված մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք գտնվում ենք համաշխարհային փոփոխությունների խաչմերուկում, որոնք արդեն տեղի են ունենում մեր աչքի առաջ»,- նշել է Արմեն Սարգսյանն, ավելացնելով, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից:
Հանրապետության նախագահի խոսքով՝ մեր խնդիրների մեծ մասը բարդ, խճճված բնույթի են, ինչը մեզանից պահանջում է ունենալ ոչ ստանդարտ մտածողություն՝ գտնելու առավել արդյունավետ լուծումներ: «Հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել պատմության ճամփեզրին»,-ասել է նախագահը։
Ինչ վերաբերում է իրեն, Արմեն Սարգսյանն ասել է, որ լինելով Երրորդ Հանրապետության ակունքներում ՝ չէր ցանկանա գնահատականներ հնչեցնել այս կամ այն առանձին քաղաքական գործընթացների վերաբերյալ: «Իմ խնդիրը, որպես երկար քաղաքական ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր լինելը՝ պաշտպանելով մեր խորքային երկարաժամկետ շահերը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը: Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ իմ իրավասությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ո՛չ ազդել քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ՝ դրանց որևէ գնահատական տալ»,- հավելել է նա: