Մանվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 22-ին և նույն օրը մակագրվել դատավոր Արգիշտի Ղազարյանին։ Դրանով Գրիգորյանը պահանջում է պարտավորեցնել նախարարությանը հրավիրել բժշկական հանձնաժողով՝ ֆրանսիական բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու և համապատասխան եզրակացություն տալու համար։
VERELQ-ը հիշեցնում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Գրիգրորյանը չի կարող բժշկական օգնություն ստանալ Հայաստանում և պետք է տեղափոխվի Ֆրանսիա, այլապես նա կմահանա:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: