24.11.2024
Վարչապետը և Լիտվայի նախագահը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Մարուքյանը ԱԺ է բերում ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից և բոլոր այն հայրենակիցներից, որոնք այսօր առավոտյան ականատեսն են եղել խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպին պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև:


«Ցավում եմ, որ խմբակցությունը տրվել է սադրանքների, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց Մակունցը, երբ երեք ժամյա ընդմիջումից հետո նիստը շարունակվեց:


Մակունցը հայտարարեց, որ տեղի ունեցածը «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից արված սադրանքի արդյունք է, որը սկիզբ է առել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո.


«Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով նախագծին: Այդ նախագծի ընդունումից հետո շեշտակի փոխվեց հատկապես խմբակցության ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում: Եվ այս միջադեպը նրա հետևանքն է, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում ի լուր համայն հայության, համայն աշխարհի հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց ոչ ներողություն՝ ուղղված փոխնախագահին, ոչ ներողություն՝ ուղղված պատգամավորներին, և ոչ էլ ՀՀ քաղաքացիներին: Էդմոն Մարուքյանը խորհրդարանի նախորդ գումարումների ժամանակ երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում»,-ասաց Մակունցը:


Նա համոզմունք հայտնեց, որ շաբաթներ շարունակ ԼՀԿ-ն փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանն այնպիսի գործողությունների մեջ, որոնք տեսախցիկների առջև կներկայացնեն «Իմ քայլը» խմբակցությանը հենց այն տեսանկյունից, ինչպիսին ուզում էր, սադրում էր և փորձում էր տեսնել Մարուքյանը:


«Ես որևէ կերպ չեմ փորձում արդարացնել միջադեպը,  բայց միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը»,- հավելեց Լիլիթ Մակունցը: