Հայաստանում 320 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով. նախարար
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ դա շատ ցավալի, սակայն և անխուսափելի երևույթ է։
«Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել։
Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պարետ Տիգրան Ավինյանի հետ ուղիղ եթերի ժամանակ նախարարը նաև տեղեկացրեց ծանր հիվանդների մասին.
«Ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, որոնցից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքի: Այս պահին ունենք 850 պացիենտ հիվանդանոցներում, շուրջ 350 հոգի հյուրանոցներում են: Մեխ խնդիրն է, որ մեր մաքսիմումից չանցնենք, որպեսզի ստիպված չլինենք ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր կարող են ակտիվ երեք-չորս հազար դեպք վարել: