23.11.2024
Ավետիք Էլոյանն ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները

Ապրիլի 30-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը:


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:


Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացված սերտ համագործակցությունը և կառուցողական աշխատանքը, ուկրաինահայ համայնքի ներդրումը: Երկու ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման գործում բարձր գնահատվեց Ուկրաինայում հայ համայնքի դերակատարությունը:


ԱԳ նախարարներ Մնացականյանը և Կուլեբան մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ՝ ուրվագծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շրջանակը:


Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման համընդհանուր բնույթի ապահովման, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին սատարման կարևորությունը: