ԱՄՆ-ն դիտարկում է Չինաստանին ֆինանսական պահանջներ ներկայացնելու հնարավորությունը. Թրամփ
ԱՄՆ-ն դիտարկում է Չինաստանին ֆինանսական պահանջներ ներկայացնելու հնարավորությունը՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ խոսքը մեծ գումարի մասին է:
Ըստ ամերիկյան առաջնորդի՝ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է գործողությունների այդպիսի տարբերակը։ Թրամփն այս մասին հայտնել է ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստվում է դիմել նման քայլի, ինչպես դա արեց Բեռլինը, որը, ըստ լրագրողի պնդումների, Չինաստանին 130 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել։
«Մենք կարող ենք որեւէ ավելի հեշտ բան անել։ Մենք դրան առավել հեշտ ձեւով հասնելու հնարավորություն ունենք: Գերմանիան ուսումնասիրում է իրավիճակը, մենք ուսումնասիրում ենք իրավիճակը։ Եւ մենք խոսում ենք շատ ավելի մեծ գումարի մասին, քան Գերմանիան: Մենք դեռեւս չենք որոշել վերջնական գումարը»,- հավելել է Թրամփը։
Ի դեպ, VERELQ-ը հիշեցնում է, որ Գերմանիան ֆինանսական որևէ պահանջ չի ներկայացրել Չինաստանին։ 149 մլրդ եվրոյի խորհրդանշական հաշիվ Չինաստանին օրերս ներկայացրել է Bild տաբլոիդը։